Հատուկ միջոցառում՝ նվիրված հաշմանդամություն ունեցող կանանց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Նարեկացի» արվեստի միությունը, հետամուտ լինելով հաշմանդամություն ունեցող անձանց արվեստի դաշտ ներգրավելու առաքելությանը, շարունակում է կյանքի կոչել հատուկ միջոցառումներ, ծրագրեր և նախագծեր:
Այսօրվա միջոցառումը միությունը նվիրում է հաշմանդամություն ունեցող կանանց և հենց այսօր հիմք է դրվում պոեզիայի թատրոնին, որի հիմնադիրն է դերասանուհի Թագուհի Ղազարյանը,- իր այս խոսքերով մեկնարկեց միջոցառումը միության տնօրեն Լևոն Իվանյանը: Թագուհի Ղազարյանն ընթերցեց հայ դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններից, որը ուղեկցվեց լուսային էֆեկտներով և դաշնամուրի նվագակցությամբ (Հ. Թագվորյան):
Բոլոր հատուկ հյուրերին, որոնց թվում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող կանայք և տղամարդիկ, ստացան Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքեր, իսկ բոլոր ներկա կանանց բաժանվեցին ծաղիկներ: Միջոցառմանը ներկա էր նաև ջազային երգչուհի Իլոնա Սագիևան, ում ցուցահանդեսի բացումն օրերս տեղի է ունեցել ՆԱՄ-ում: Վերջինս ներկայացրեց իր ստեղծագործությունները՝ խոսելով նրանց ասելիքի մասին:










