Ժան-Կլոդ Յունկեր. Բոլոր թուրքերը փոքրիկ Էրդողաններ չեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունում բնակվող թուրքերը պատասխանատվություն չեն կրում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականության համար: Այս մասին Bild տաբլոյիդի հետ հարցազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը:
«Մեծ տարբերություն կա թուրք ժողովրդի եւ թուրքական կառավարության միջեւ: Բոլոր թուրքերը փոքրիկ Էրդողաններ չեն», —ասել է Յունկերը: Նրա խոսքով` ԵՄ-ում բնակվող թուրքերը լավ ինտեգրված են եւ բարգավաճման մեջ իրենց ներդրումն ունեն:
Յունկերը նաեւ նշել է, որ իրեն չի անհանգստացնում ներգաղթյալների վերաբերյալ համաձայնագիրը խզելու սպառնալիքը, ինչով սպառնացել է Էրդողանը, եթե ԵՄ-ն Թուրքիայի քաղաքացիներին առանց վիզայի ռեժիմ չտրամադրի:
«Թուրքիայի շահերից չի բխում, որ թուրքական ափերի մոտ մաքսանենգների ու հանցագործների ձեռքերում հայտնվեն ազդեցության լծակները », — ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:
			
			
			
			
			
				
			
			
			


