Հայաստանում 100 սիրիահայ երիտասարդ կմասնակցի անվճար կրթական ծրագրի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը տվել է «Սիրիահայ երիտասարդները հանուն ավելի լավ ապագայի Հայաստանում» երիտասարդական մասնակցության կրթական ծրագրի մեկնարկը: Ծրագրի միջոցով Հայաստանում բնակվող ավելի քան 100 սիրիահայ երիտասարդ կմասնակցի կրթական ծրագրին, որը ֆինանսավորում է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների Դեսպանությունը։
Ծրագիրը ներառում է կրթական/ուսուցողական դասընթացներ, աշխատանքային հանդիպումներ, սեմինարներ, քննարկումներ և առցանց զանգվածային բաց դասընթացներ (MOOC):
Կրթական ծրագրի դասընթացների թեմաներից են` սոցիալական պատասխանատվություն, կամավորություն, առաջնորդություն, հակամարտությունների կարգավորում, մարդու իրավունք:
Մասնակցությունը կրթական ծրագրին անվճար է։ Դասընթացները կվարեն որակավորված և փորձառու մասնագետներ։ Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր իրենց ակտիվ և հաջող մասնակցության, ծրագրում ներդրված ջանքերի համար։ Կրթական ծրագրի տևողությունը 10 ամիս է:
«ՀԱԼԷՊ» կազմակերպությունը հիմնադրվել է մի խումբ սիրիահայերի նախաձեռնությամբ Հայաստանում և գրանցվել 2013 թվականին։ Հետագայում կազմակերպությունը գրանցվել է նաև Ամերիկայի Միացյալ Նահագներում 2014 թվականին։ Այսօրվա դրությամբ, կազմակերպությունում կամավոր հիմունքներով աշխատում են 25 կին և անդամագրված 125 երիտասարդ և պատանի։ Կազմակերպության գործունեության նպատակն է շտապ օգնություն տրամադրել Հայաստանում ապաստանած սիրիահայ ամենախոցելի ընտանիքներին: Ավելի քան 1400 սիրիահայ կարիքավոր ընտանիքներ (4500 անհատ) գրանցված են «ՀԱ ԼԷՊ» կազմակերպությունում։



