Մաքրվում են ջրանցքների ու գետերի հուները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 3-ից մեկնարկել է մայրաքաղաքի 5 վարչական շրջաններով` Ավանով, Նոր Նորքով, Էրեբունով, Շենգավիթով և Կենտրոնով հոսող գետերի ու ջրանցքների հուները մաքրելու գործընթացը: Հիմնական նպատակը բարձրադիր գոտիներում ձնհալի, ինչպես նաև գարնանային տեղումների ժամանակ առաջացող ջրի անարգել հոսքն ապահովելն է: Այս աշխատանքները նաև սանիտարահիգիենիկ նշանակություն ունեն, քանի որ հուները մաքրելու շնորհիվ հատկապես ամռան շոգ ամիսներին հարակից բնակելի թաղամասերում կանխվում է հնարավոր տհաճ հոտի առաջացումն ու տարածումը: Կուտակված աղբը հենց տեղում հատուկ տեխնիկայով տեղափոխվում է աղբավայրեր:
Աշխատանքների ավարտին գետերն ու ջրանցքները մաքրաջրվում են ուժեղ ճնշման ջրաշիթերով: Գետերի ու ջրանցքների հուների մաքրումը կտևի մինչև ապրիլի 15-ը: Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ գետերի հուներ աղբ, այլ թափոններ լցնելը կամ հարակից ափամերձ տարածքներում շինարարական կամ կենցաղային մնացորդներ թողնելը կտրականապես արգելվում է, իսկ օրինախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն



