Թրամփին կոչ են արել իր հեռախոսը գաղտնալսելու ապացույցներ ներկայացնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆերկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել մարտի 13-ին ապացույցներ ներկայացնել, որ նյույորքյան «Թրամփի աշտարակ» (Trump Tower) երկնաքերում իր հեռախոսները ընտրարշավի ժամանակ գաղտնալսվել են, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Կոմիտեի նախագահ հանրապետական Դեւին Նունեզը եւ առաջատար դեմոկրատ Ադամ Շիֆը Թրամփին նամակ են հղել, որով պահանջել են գաղտնալսման մասին իր հայտարարությունները հաստատող վկայություններ ներկայացնել:
Մեկ շաբաթ առաջ նախագահը «Թվիթերում» գրել էր, որ նախկին նախագահ Բարաք Օբաման հրամայել է Trump Tower-ում իր հեռախոսները լսել, սակայն որեւէ ապացույց չէր ներկայացրել: «Ահավոր է: Հենց նոր տեղեկացա, որ Օբամայի հրամանով Trump Tower-ում իմ հաղորդակցությունները գաղտնալսվել են հաղթանակի նախօրեին: Ոչ մի բան չեն հայտնաբերել: Դա մաքարտիզմ է»,- գրել էր նա:
Օբամայի ներկայացուցիչը Թրամփի մեղադրանքները «ստահոդ» էր համարել:
Ամերիկյան օրենքներով՝ նախագահը չի կարող հրամայել որեւէ մեկի հեռախոսը լսել: Նա պետք է դաշնային դատավորի թույլտվությունը ստանա եւ քաղաքացու հեռախոսազրույցների դիտարկում կատարելու համար կասկածների խելամիտ հիմնավորում ներկայացնի:



