Պարոն Մուկուչյանը չի թողնում՝ ժողովրդի հետ ես հանդիպեմ. Գագիկ Ծառուկյանն արձագանքել է ԿԸՀ նախագահին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնչպես հայտնում է Past.am-ը, այսօր «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակներում այցելեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի, Գավառ քաղաքներ և Երանոս գյուղ:

Բոլոր բնակավայրերում Գագիկ Ծառուկյանը խոսեց գործազրկության, վարկերի բարձր տոկոսադրույքների, արագաչափերի,գյուղատնտեսության զարգացման, տնտեսական ճգնաժամի, կոալիցիա չմտնելու և այլ հարցերի մասին:
Արձագանքելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի այն հայտարարություններին, թե նախընտրական հանդիպումների ժամանակ տրվող որոշ խոստումներ համարվում են օրենքի խախտում՝ Ծառուկյանը նշեց. «Այսօր պարոն Մուկուչյանը չի թողնում՝ ժողովրդի հետ ես հանդիպեմ, կամ որևիցէ մի բան ասեմ։ Ասում է՝ դա ընրակաշառք է։ Ես, սիրելի ժողովուրդ ջան, ընտրակաշառքով չեմ զբաղվում։

Մարտունիում Ծառուկյանն ընդգծեց. «Ես չեմ ասում՝ դուք վատամարդ լինեք, թշնամի դառնաք, բայց երբ գնում եք ընտրության, ճիշտ որոշում կայացրեք։ Մարդիկ կարող են գալ ու շատ ճարտար խոսել, բայց իրական կյանքում 10 000 դոլար վաստակած չկան, բարեկամին օգնած չկան»։

Գեղարքունիքի մարզի ամենակոլորիտային բնակավայրում՝ Գավառում, Գագիկ Ծառուկյանին դիմավորեցին աղ ու հացող, ավանդական քյուֆթայով, օղիով: Այս բնակավայրում նույնպես պարոն Ծառուկյանը խոսեց առաջնահերթ խնդիրներից. «Կենսաթոշակային կուտակային հիմնադրամին տարեկան 28-30 մլրդ դոլար գումար է հատկացվում,- հայտարարեց դաշինքի առաջնորդը՝ հավելելով, որ հիմնադրամը պետք է սառեցվի:
«Հիմնադրամի գումարները պետք է ուղղվեն ավանդների վերադարձին, որպեսզի մեր ժողովրդի, հատկապես մեր տարեցների դեմքին ժպիտ գա»,-իր խոսքը եզրափակեց Գագիկ Ծառուկյանը:
Լևոն Փանոսյան



