Չավուշօղլուն սպառնացել է Նիդերլանդների դեմ պատժամիջոցներ կիրառել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն սպառնալիքներ է հնչեցրել Նիդերլանդների հասցեին` կապված այդ երկրում իր ելույթ արգելելու որոշման հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Արտգործնախարարը մեղադրել է հոլանդացի քաղաքական գործիչ Գեերթ Ուայլդերսին նացիստական գործելաոճի մեջ: «Գերմանիան հասկացավ սխալը, հիմա էլ Նիդերլանդները սկսեցին: Հոլանդացի Ուայլդերսը նացիստի կերպ է գործում: Սպառնում է չընդունել Թուրքիայի արտգործնախարարի ինքնաթիռը: Սակայն այսօր գնալու եմ: Եթե Նիդերլանդներն այսօր իմ թռիչքի թույլտվությունը չեղյալ համարի, մենք շատ մեծ պատժամիջոցներ կկիրառենք»,- հայտարարել է Չավուշօղլուն` նշելով, որ անցել են այն ժամանակները, երբ Թուրքիան ոչինչ չէր ձեռնարկում իր դեմ արված քայլերի դիմաց:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում չեղյալ էր համարվել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը պետք է տեղի ունենար Թուրքիայում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում: Համաձայն քաղաքապետի գրության` այն սրահի սեփականատերը, որտեղ պետք է ելույթ ունենար Չավուշօղլուն, հրաժարվել է տարածքը տրամադրելուց:



