Թուրքիայի մեջլիսում ազգայնականների պատգամավորական մանդատի թիվը նվազել է երեքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության չորս անդամ` պատգամավորներ Յուսուֆ Հալաչօղլուն, Նուրի Օքութանը, Իսմայիլ Օքը և նախկին պատգամավոր Սինան Օղանը հեռացվել են կուսակցությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Ներկա և նախկին պատգամավորների հեռացումը պայմանավորված է եղել այն փաստով, որ վերջիններս հայտարարել են ապրիլի 16-ին երկրում կայանալիք սահմանադրական հանրաքվեին դեմ քվեարկելու իրենց որոշման մասին: Այդ հայտարարությունից հետո նրանց հարցը տեղափոխվել էր կուսակցության էթիկայի հանձնաժողով:
Այդպիսով, մեջլիսում ազգայնականների պատգամավորական մանդատի թիվը 39-ից նվազել է 36-ի:
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը սահմանադրական հանրաքվեի անցկացման հարցում աջակցում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը:
Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 16-ին: Սահմանադրական փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի:
Մեջլիսի և նախագահի ընտրություններն անց են կացվելու 5 տարին մեկ միևնույն օրը: Երկրի նախագահն այսուհետ կարող է լինել կուսակցական:



