Իսրայելի դեսպանատան աշխատակիցներն այցելել են Լապշինին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի դեսպանատան աշխատակիցները հանդիպել են Ադրբեջանում բանտարկված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական Trend գործակալությանն ասել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը:
Դեսպանության ներկայացուցիչները տեղեկացել են Լապշինի ինքնազգացողությունից և ծանոթացել են նրա պահման պայմաններին: Փաստաբանի խոսքով` Լապշինը որևէ բողոք չի ունեցել և սպասում է քննության ավարտին:
Չերնինը հայտնել է նաև, որ իր պաշտպանյալը հեռախոսազրույցներ է ունենում մոր հետ:
Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:
Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:



