ՄԱԿ գլխավոր քարտուղարը ներկայացրել է սեռական շահագործումը կանխելու նոր ռազմավարությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ը ոչ մի դեպքում չպետք է ասոցացվի այնպիսի խայտառակ հանցագործությունների հետ, ինչպիսիք են բռնաբարությունը ու սեռական ոտնձգությունները։ Այս մասին ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ ներկայացնելով ՄԱԿ-ի դրոշի ներքո ծառայող զինծառայողների, ոստիկանների ու քաղաքացիական աշխատակիցների կողմից սեռական շահագործումը կանխելու նոր ռազմավարությունը։
«Եկեք միաձայն հայտարարենք՝ մենք չենք հանդուրժի, որ որեւէ մեկը սեռական հանցագործություն կատարի, մարդկանց սեռական շահագործման ենթարկի կամ արդարացնի նման գործողությունները։ Մենք ոչ մեկին թույլ չենք տա լռել այդ հանցագործությունների մասին՝ քողարկվելով ՄԱԿ-ի անունով։ Յուրաքանչյուր զոհ արժանի է արդարադատության ու մեր լիարժեք աջակցության»,- ասել է Գուտերեշը։
Գուտերեշը նաեւ պատմել է սեռական հանցագործությունների զոհերի հետ իր սեփական հանդիպումների մասին, ասելով, որ նրանց պատմությունները ընդմիշտ կմնան իր հիշողության մեջ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նոր ռազմավարությունը նախատեսում է չորս ուղղություն՝ կանխել սեռական հանցագործությունները ՄԱԿ-ի շարքերում, հասնել մեղավորներին պատասխանատվության կանչելուն, ուշադրություն դարձնել հանցագործությունների զոհերին ու բարձրացնել հասարակության իրազեկումը այդ արատավոր երեւույթի մասին։



