Գերմանիայի դատախազությունը կստուգի ԿՀՎ հաքերների մասին WikiLeaks–ի տվյալները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի դատախազությունը կզբաղվի ԿՀՎ-ի հաքերային գործունեության մասին WikiLeaks կազմակերպության կողմից նախօրեին հրապարակված փաստաթղթերի ստուգումով։ Այս մասին հայտնել է Գերմանիայի դաշնային դատախազության ներկայացուցիչը Reuters.–ին տված հարցազրույցում։
Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ իշխանությունները լուրջ են վերաբերում WikiLeaks–ի գաղտնազերծումներին, սակայն դեռ չեն կարող հավաստել հրապարակված փաստաթղթերի ու նյութերի իսկությունը։
Ոչ Սպիտակ տունը, ոչ էլ ԿՀՎ-ն դեռ չեն մեկնաբանել այդ գաղտնազերծումները։ Մինչդեռ այն ընկերությունները, որոնց արտադրատեսակները, ըստ WikiLeaks–ի հատուկ ծառայությունները կարող են կոտրել, սկսել են ստուգել իրենց համակարգերի խոցելիությունները։ Մասնավորապես Apple–ը հայտնել է, որ արդեն շտկել է որոշ խոցելիություններ։
Նախօրեին WikiLeaks–ը հրապարակել էր ԿՀՎ փաստաթղթերը, որոնցում ասվում էր, որ հատուկ ծառայությունները կարողանում են կոտրել iOS, Android եւ Windows-ի բազայով աշխատող սարքերը։



