Ոչ ոք չի կարող կանգնեցնել ինձ. Չավուշօղլուն հաստատակամ է Գերմանիա գնալու հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեղադրել է Գերմանիային իրենց «Արդարություն և զարգացում» կուսակցության քարոզարշավը խափանելու փորձ ձեռնարկելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Չավուշօղլուն ասել է թուրքական «Հուրիեթ» պարբերականին հետ հարցազրույցում:
«Պատմության մեջ չտեսնված ճնշումներ են իրականացնում` փորձելով չեղյալ համարել մեր բոլոր ծրագրերը: Իսկական բռնաճնշող ռեժիմ: Մասնավոր սեփականության` հյուրանոցների, հարսանյաց սրահների տերերի նկատմամբ ճնշումներ են գործադրում, ինչի հետևանքով նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները չեղյալ են հայտարարվում: Ես գնալու եմ, ինձ ոչ ոք չի կարող կանգնեցնել»,- հայտարարել է Չավուշօղլուն` ասելով, թե կգտնի վայր հանդիպելու տեղի թուրքերի հետ:
Անդրադառնալով Էրդողանի հայտարարությունների վերաբերյալ գերմանական կողմից եկած արձագանքներին` Թուրքիայի արտգործնախարարը կրկնել է երկրի նախագահին` ասելով. «Բոլոր քայլերը նմանվում են նացիստական շրջանի գործելաոճին: Ճնշում են, որ հանրաքվեին «ոչ» ասեն «Արդարություն և զարգացում» կուսակցությանը: Տալու ենք այս ամենի պատասխանը: Կքննարկենք ձեռնարկվելիք քայլերը, տակ չենք մնա»:
Գերմանիայի Համբուրգ քաղաքի Plaza Event Center սրահում նախատեսված Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը տեղի էր ունենալու սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում, չեղյալ է համարվել:
Ավելի վաղ գերմանական տեղական իշխանությունները չեղյալ էին հայտարարել Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթը Գերմանիայի Գագենաու քաղաքում:
Կատարվածի քննադատությամբ հանդես էր եկել նախագահ Էրդողանը, ով հայտարարել էր, թե Գերմանիան իր պահվածքով հիշեցնում է նացիստական ժամանակաշրջանում արված քայլերը:



