Թուրքիայի սահմանադրական հանրաքվեում Էրդողանի հաղթանակը երկիրը կվերածի սուլթանության. Օզդեմիր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ. Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրը վստահ է` Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում Էրդողանի հաղթանակի պարագայում այդ երկիրը կվերածվի սուլթանության, ինչը շահեկան չէ և ոչ մեկին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին պատգամավորը խոսել է գերմանական ARD հեռուստատեսության ծրագրերից մեկի ժամանակ:
Օզդեմիրի կարծիքով` թուրք քաղաքական գործիչներին չպետք է առանց նախապայմանների թույլ տալ Գերմանիայում քարոզարշավ իրականացնել: Նա նշել է, որ այդ գործիչները նախ և առաջ պետք է ենթարկվեն գերմանական օրենքներին: Բացի այդ, պետք է պահանջել, որ Թուրքիան ազատ արձակի ձերբակալված ընդդիմադիր քաղաքական գործիչներին ու լրագրողներին:
«Եթե այդպես է` մենք էլ Թաքսիմի հրապարակում ցույց անենք: Եթե Անկարան կերաշխավորի իմ անվտանգությունը, ես պատրաստ եմ գնալ և հանրահավաք անել այնտեղ: Հետաքրքիր է, թե դրան ինչ պատասխան կտան: Այս մասին Գերմանիայի արտգործնախարարն ու կանցլերը կարող են հայտնել Էրդողանին»,- ասել է Օզդեմիրը:



