Վրաստանում ներգաղթյալների տեղակայման գաղափարը սպառնում է ՌԴ անվտանգությանը. ՌԴ պաշտոնյա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանում ներգաղթյալների տեղակայման գաղափարը սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը՝ հաշվի առնելով միջազգային ահաբեկչության վտանգները։ Այդ մասին լրագրողներին կիրակի օրը հայտարարել է ՌԴ դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ֆրանց Կլինցևիչը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցն առաջարկել է փախստականների ընդունման համար Եվրամիության կենտրոններ ստեղծել միության սահմաններից դուրս, օրինակ՝ Վրաստանում կամ Արևմտյան Բալկաններում:
Կլինցևիչը նշում է, որ դեռ այդ հայտարարությամբ փորձում են ստուգել Վրաստանի արձագանքը, բայց հետագայում կարող են հաջորդել կոնկրետ առաջարկներ։
Նա հիշեցրել է, որ վերջերս Վրաստանը ստացել է Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմ, իսկ «ձրի պանիր, ինչպես հայտնի է, միայն թակարդում է լինում»:
«Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցի առաջարկն ուղղակիորեն վերաբերում է Վրաստանի հետ ընդհանուր սահման ունեցող Ռուսաստանի ազգային անվտանգության շահերին՝ նախևառաջ այն վտանգների առումով, որոնք ներկայացնում է միջազգային ահաբեկչությունը»,- ընդգծել է նա:



