Սիրիայի հարցով ժնևյան բանակցությունների հերթական փուլն անարդյունք է ավարտվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԺնևում սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված բանակցություններն ավարտվել են առանց հստակ արդյունքների: «Միակ» արդյունքը, որը հաջողվել է գրանցել 10-օրյա բանակցությունների ավարտին, հաջորդ բանակցային փուլի ծրագիրը համաձայնեցնելն է:
Ինչպես փոխանցում է DW.com-ը, այս մասին մարտի 4-ին հայտնել է Դամասկոսի պաշտոնական պատվիրակության ղեկավար, ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաաֆարին: Նրա խոսքով` հաջորդ բանակցային փուլի բոլոր 4 թեմաները, որոնք առաջարկել է ՄԱԿ-ի` Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան, հավասարապես կարևոր են:
Բացի այդ, սիրիական իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ ցանկանում են բանակցությունների սեղանի շուրջ տեսնել միավորված ընդդիմության պատվիրակությանը:
Ստաֆան դե Միստուրայի հաղորդմամբ` հաջորդ փուլի քննարկման թեմաներն են ահաբեկչության դեմ պայքար, Սիրիայի նոր, վստահելի կառավարության ձևավորումը, նոր սահմանադրության մշակումն ու ազատ ընտրությունների անցկացումը:



