Գերմանիայի արդարադատության նախարարը հորդորել է Թուրքիային վերանայել դիրքորոշումը մարդու իրավունքների հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը նամակ է հղել Թուրքիայի իր գործընկերոջը` Բեքիր Բոզդաղին, որում մտահոգություն է հայտնել Թուրքիայում մարդու իրավունքների ու ազատությունների ոտնահարումների առնչությամբ: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Մաասը նամակում դատապարտել է գերմանական Die Welt պարբերականի Թուրքիայի լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալման փաստը: Նախարարը հորդորել է Թուրքիային աչքի անցկացնել հիմնարար իրավունքների ու ազատությունների հարցում իր դիրքորոշումը:
Գերմանիայի արդարադատության նախարարը ափսոսանք է հայտնել նաև, որ Բոզդաղը չեղյալ է համարել այցը Գերմանիա:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը մարտի 2-ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առնչությամբ պետք է ելույթ ունենար Գերմանիայի Գագգենաու քաղաքում, սակայն վերջին պահին քաղաքապետարանն արգելել է դրա անցկացումը: Քաղաքապետը հայտնել է, որ որոշումը քաղաքական բնույթ չունի:
Որոշումը խստորեն դատապարտել է Բոզդաղը` ասելով, որ կատարվածն անընդունելի է: Նա չեղյալ է համարել այցը և Գերմանիայի արդարադատության նախարարի հետ հանդիպումը: Ավելի ուշ Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն:



