Մարտական դիրքում պայթյունից ժամկետային զինծառայողներ են վիրավորվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆTert.am-ը գրում է
Փետրվարի 28-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել պայթուցիկ սարքի պայթյուն, ինչի հետևանքով ինժեներական աշխատանքներ կատարող պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ, և տեղափոխվել հոսպիտալ․այս մասին Tert.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ) և կատարվում է նախաքննություն»,-նշեց նա:
Դեպքի հետ կապված Tert.am-ը փորձեց տեղեկատվություն ճշտել նաև ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից, սակայն այստեղ հայտնեցին, որ զբաղված են, չեն կարող պատասխանել, իսկ ավելի ուշ տեղեկացրին. «Այդ հարցին չենք կարող պատասխանել, զանգեք հոսպիտալի պետին»:
Հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, վերջինիս հեռախոսահամարը անհասանելի էր:



