Թուրքիայի արդարադատության նախարարը Գերմանիան ահաբեկիչների ապաստարան է անվանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, ում ելույթը գերմանական Գագգենաու քաղաքում արգելել էին, խիստ մեղադրանքներ է հնչեցրել Գերմանիայի հասցեին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Բոզդաղն ասել է, թե Գերմանիան դարձել է ահաբեկիչների ապաստարան:
Նա ֆաշիստական քայլ է անվանել իր ելույթն արգելելու մասին գերմանական իշխանությունների որոշումը: «Ահաբեկիչները խոսքի ազատություն ունեն, իսկ արդարադատության նախարարությունը չունի՞: Թուրքական դատարանները գերմանականից ավելի անկողմնակալ և անկախ են»,- հայտարարել է Բոզդաղը:
Բոզդաղը մարտի 2-ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առնչությամբ պետք է ելույթ ունենար Գերմանիայի Գագգենաու քաղաքում, սակայն վերջին պահին քաղաքապետարանն արգելել է դրա անցկացումը: Քաղաքապետը հայտնել է, որ որոշումը քաղաքական բնույթ չունի:
Որոշումը խստորեն դատապարտել է Բոզդաղը` ասելով, որ կատարվածն անընդունելի է: Նա չեղյալ է համարել Գերմանիայի արդարադատության նախարարի հետ հանդիպումը: Ավելի ուշ Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն:



