Դպրոցից թունավորմամբ հոսպիտալացված 9 երեխաներից 6-ը դուրս է գրվել, բոլորի վիճակը բավարար է. Ստեփանավանի ԲԿ տնօրեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոռու մարզի Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցից Ստեփանավանի հիվանդանոց տեղափոխված երեխաների վիճակը բավարար է, 6-ն արդեն դուրս են գրվել: Այս մասին Tert.am-ին հայտնեց Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Կոծինյանը:
«9 երեխա է ընդունվել հիվանդանոց, մեկը ամբուլատոր բուժում է ստացել, 8-ը՝ ստացիոնար: 8-ի վիճակը բավարար է, 6 երեխա քիչ առաջ դուրս են գրվել, իսկ մյուս 2-ը ևս երկու ժամ կմնան հսկողության տակ և երևի նորից դուրս կգրվեն»,- ասաց Կոծինյանը:
Նրա տեղեկացմամբ՝ նախնական ախտորոշումը եղել է սննդային թունավորում: Թե ինչն է եղել 9 երեխայի թունավորման պատճառը, բժշկական կենտրոնի տնօրենը նշեց, որ այս պահին որևէ բան չի կարող ասել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լոռու մարզում երեկ ժամը 15:00-ի սահմաններում Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցից Ստեփանավանի հիվանդանոց են տեղափոխվել նույն դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ, 10-ամյա Էմիլա Մուրադյանը, Բաբկեն Սուքիասյանը, Սիլվա Շահինյանը, Արեն Զալինյանը, Սարգիս Մարիկյանը և Կամո Դոխոլյանը:



