Վելայաթի․ Իրանն այլ երկրների թույլատվության կարիքը չունի սեփական պաշտպանությունն ապահովելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի հրթիռային ծրագիրը հաշվարկված է երկրի պաշտպանության համար։ Այս մասին հայտնել է Իրանի քաղաքական նպատակահարմարության խորհրդի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալի Ակբար Վելայաթին, փոխանցում է ԻՐՆԱ-ն։
Նա շեշտել է, որ Իրանը այլ երկրների թույլատվության կարիքը չունի իր սեփական պաշտպանությունն ապահովելու համար։ «Ինչպես ենք մենք պաշտպանվելու՝ ԱՄՆ-ին չի վերաբերում»,- ասել է նա։ Նրա խոսքով Իրանի հրթիռային ծրագիրը բացառապես պաշտպանական բնույթ ունի՝ «մեծ ու կարևոր երկրի պաշտպանության համար, որը տպավորիչ պատմություն ու արժեքավոր քաղաքակրթություն ունի»։
Վելայաթին նաև շեշտել է, որ Իրանը ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերը ինքնապաշտպանության համար ու անցկացնելու է հրթիռների փորձարկում, երբ անհրաժեշտ համարի։ «ԱՄՆ նոր նախագահը ամերիկյան ժողովրդի համար որևէ բան անելու փոխարեն կարծես փորձում է պառակտել ժողովուրդները, գժտություն ու թշնամանք սերմանել աշխարհի ժողովուրդների միջև»,- ամփոփել է նա։



