Լապշինի մայրը մեկուսարանում այցելել է որդուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինին երկրորդ անգամ մեկուսարանում այցելել է նրա մայրը` Բելլա Լապշինան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Trend գործակալությունը, այս մասին հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը:
Հանդիպման ժամանակ մայրը հետաքրքրվել է որդու պահման պայմանների և ինքնազգացողության մասին:
Չերնինը հայտնել է նաև, որ առաջիկայում Բաքու է ժամանելու նաև բլոգերի կինը:
Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:
Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:



