ԵՄ-ն մտահոգված է Թուրքիայում պատգամավորների կալանավորմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունը դատապարտել է Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ պատգամավորների ձերբակալությունների և կալանավորման փաստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Deutsche Welle-ն, այս մասին հայտարարություն է արել Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գեագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակը:
Խոսելով կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի, ինչպես նաև խորհրդարանական խմբակցության ղեկավար Իդրիս Բալուքենի դեմ կայացված որոշումների մասին` խոսնակը դրանք մտահոգիչ է անվանել: «Որպես ԵՄ անդամակցության թեկնածու երկիր` Թուրքիան պետք է երաշխավորի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կուսակցությունների ներգրավումը ժողովրդավարական գործընթացների մեջ»,- հայտարարել է նա:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 11 պատգամավոր ձերբակալվել, ապա կալանավորվել են:
Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվածների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:



