ՀՀ և Արցախի օմբուդսմենները աշխատանքային հանդիպում են ունեցել ԵՕԻ գլխավոր քարտուղարի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎիեննայում կայացել է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի (European Ombudsman Institute) գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի աշխատանքային հանդիպումը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՄԻՊ աշխատակազմից, Ժոզեֆ Սիգելեն ներկայացրել է ԵՕԻ ընթացիկ գործունեությունը և առաջիկա ծրագրերը, իսկ Արման Թաթոյանն ու Ռուբեն Մելիքյանը, համապատասխանաբար, ՀՀ-ում և ԼՂՀ-ում մարդու իրավունքների վիճակը, առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։ Ռուբեն Մելիքյանը նաև ներկայացրել է 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանությունների վերաբերյալ փաստահավաք առաքելության արդյունքները։ Կողմերը քննարկել են նաև Ալեքսանդր Լապշինի գործով վերջին զարգացումները։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը 2009 թվականից հանդիսանում է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի անհատական անդամ։



