Լեռնանիստ գյուղում փլուզվել է մթերային խանութը. ըստ նախնական տվյալների՝ 2 զոհ և տուժածներ կան (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է
Այսօր ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի խանութը փլուզվել է, կան տուժածներ: Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից Tert.am-ին հայտնեցին, որ դեպքի վայրում տարվում են համապատասխան աշխատանքներ:
Նշենք, որ ժամը 10:15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում՝ մթերային խանութում, տեղի է ունեցել պայթյուն: Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և երկու տուժած:
Լեռնանիստի գյուղապետ Արտյոմ Հայրապետյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին ինքը դեպքի վայրում է, սակայն մանրամասներ չկարողացավ հաղորդել: Նա նշեց, որ լուրջ դեպք է, 4-5 տուժած կա, երկուսը հիվանդանոցում են:
Նշենք, որ ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, ՃԿԱԿ արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգիչը:
Ըստ Shamshyan.com-ի տեղեկությունների՝ մթերային խանութի շենքի տանիքում մնացած ձյան պատճառով խոշոր փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ՝ դարձյալ, ըստ նախնական տեղեկությունների, փլատակների տակ քաղաքացիներ կան։
Կայքի տեղեկություններով՝ քաղաքացիները, փրկարարները, ոստիկանների և բժիշկների հետ համատեղ աշխատանքներ են կատարում՝ պարզելու՝ փլատակների տակ քաղաքացիներ կա՞ն, թե՞ ոչ, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ աշխատակիցներ հաստատ կան այնտեղ։ 






