Սիրիական զորքերը ՌԴ օդուժի աջակցությամբ գրավել են ԻՊ-ի հենակետը Էլ-Բաբի մերձակայքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիական զորքերը` ՌԴ օդուժի աջակցությամբ, շաբաթ ազատագրել են «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների առաջնային հենակետ հանդիսացող Թադեֆ բնակավայրը, որը գտնվում է Էլ-Բաբ քաղաքի մերձակայքում: INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Մարտական գործողությունների ընթացքում կառավարական ուժերն ավելի քան 650 ահաբեկչի են սպանել, երկու տանկ, հետևակի 4 մարտական մեքենա, 18 ավտոմեքենա և 7 ականանետ են ոչնչացրել», - ասվում է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՌԴ ՊՆ տվյալներով` Հալեպ նահանգի հյուսիս-արևելյան շրջանում գտնվող Թադեֆը հանդիսացել է իսլամիստների ամուր հենակետերից մեկը Էլ-Բաբի ստորոտին:
Բացի այդ, վերահսկողության տակ է առնվել դեպի Ռաքքա քաղաք տանող ճանապարհը, որով իրականանում է սպառազենի և զինամթերքի մատակարարումը Էլ-Բաբում գտնվող ԻՊ-ի ահաբեկիչներին:



