Իրանը մտադիր է նավթի արդյունահանումը հասցնել օրական 4 մլն բարելի` անկախ ՕՊԵԿ-ի համաձայնագրից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի ազգային նավթային ընկերության ղեկավար Ալի Քարդորը հայտարարել է, որ Իրանը մտադիր է 2017-ի մարտի 20-ի դրությամբ հարստացնել նավթի օրական արդյունահանումը` հասցնելով այն մինչև 4 մլն բարելի:
Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` ընդգծելով, որ ՕՊԵԿ-ի (Նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն) համաձայնագրով նախատեսվում է, որ Թեհրանը չպետք է գերազանցի 3.79 մլն-ի մակարդակը:
Իրանցի պաշտոնյան վստահություն է հայտնել, որ տարեվերջին նավթի արտահանումը կհասնի օրական 3 մլն բարելի: Նա նշել է, որ 2016-ի դեկտեմբերին Իրանը Եվրոպա նավթամթերքի արտահանման ռեկորդային ծավալներ է գրանցել, այն է` օրական 0.9 մլն բարել:
Հիշեցնենք, որ 2016-ի նոյեմբերին ՕՊԵԿ-ի անդամ երկրները Վիեննայում որոշում են կայացրել կրճատել նավթի արդյունահանումը` հասցնելով այն մինչև օրական 32.5 մլն բարել:



