Վիեննայում 22 չեչեն քաղաքացու են ձերբակալել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎիեննայի ոստիկանությունը Չեչնիայի 22 քաղաքացու է ձերբակալել, որոնք 25-50 տարեկան անձինք են:
Ինչպես հաղորդում է DW.com-ը` մեջբերելով ավստրիական ոստիկանության հաղորդագրությունը, ձերբակալության ժամանակ առգրավվել է հրացան, ատրճանակ և զինամթերք: Զանգվածային ձերբակալությունը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան Ավստրիայի մայրաքաղաքի հյուսիսային մասում գտնվող կղզում:
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, մի խումբ քաղաքացիներ ոստիկանություն են դիմել` հայտնելով, որ կղզում մեծ քանակությամբ տղամարդիկ են հավաքվել: Ոստիկանների հարցմանը վերջիններս պատասխանել են, որ «զբոսնում են»:
Ոստիկանությունը հատուկ գործողություններ է սկսել նրանց նկատմամբ, երբ չեչեն քաղաքացիներից մեկի մոտ հրազեն է հայտնաբերվել: Տղամարդիկ փորձել են զենքը թաքցնել ձյան տակ, սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանները հետախուզել են տարածքն ու ձերբակալել նրանց:



