Կանանց նկատմամբ բռնության դեպքերը լուրջ մտահոգության տեղիք են տալիս. ՄԻՊ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻրավապահ մարմինների պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերն աճ են արձանագրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 31-ին «Կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելում. Եվրոպական փորձի ներկայացում» թեմայով սեմինարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հ Հ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Մեր նպատակն է ամրապնդել ընտանեկան արժեհամակարգը Հայաստանում: Սպանությունների 17 տոկոսն այս ոլորտից են, ուստի չափազանց կարևոր է բոլոր գործընկերների մասնակցությամբ արդյունավետ պայքար տանել կանանց նկատմամբ բռնության դեմ: Համատեղ ջանքերով մենք պետք է փորձենք հասկանալ այս խնդրի լուծումները: Եթե այս երևույթների նկատմամբ աչք փակվի, ապա ինչպես ենք պատկերացնում հասարակության նորմալ զարգացումը»,- ընդգծեց Թաթոյանը՝ հավելելով, որ պետք է խափանման միջոցների ընտրության և պատիժների հարցում ճիշտ քաղաքականության վարել:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն էլ նշեց, որ այս երևույթի դեմ մշակվում են օրենսդրական կարգավորումներ:
«Այս խնդիրը մեր հասարակության օրակարգային հարցերից մեկն է: Արդարադատության նախարարության աշխատանքային խումբն աշխատում է օրենսդրական նախագծի վրա՝ սերտորեն համագործակցելով հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների և լրատվամիջոցների հետ: Ներկայումս նախագիծը գտնվում է միջգերատեսչական քննարկումների փուլում»,- ասաց Քոչարյանը: Նրա խոսքով` նախագծով հաշվի են առնվել Հայաստանի հասարակության ազգային առանձնահատկությունները:



