Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության ևս մեկ պատգամավոր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՁերբակալվել է Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ Վանից ընտրված պատգամավոր Նադիր Յըլդըրըմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Ձերբակալությունը տեղի է ունեցել Դիարբեքիրի դատարանում, որտեղ պատգամավորը հետևում էր կուսակցության մեկ այլ կալանավորված պատգամավոր Իդրիս Բալուքենի դատական նիստի ընթացքին:
Թուրքական լրատվամիջոցները չեն հստակեցնում, թե որ գործի շրջանակում է տեղի ունեցել ձերբակալությունը:
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ 59 պատգամավորից 11-ը կալանավորված են: Նրանց շարքում են կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցության երկու ղեկավարները: Նրանք ևս մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ:
			
			
			
			
			
				
			
			
			


