Արտակարգ իրավիճակ Գնդեվազ-Ջերմուկ 3 կմ-ոց ճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է
Այսօր՝ հունվարի 29-ին, առավոտյան ժամը 06:00-ից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի կարգադրությամբ, «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորութամբ, Վայքի «Ճանշին»-ի աշխատակիցները՝ «Ճանշին»-ի պետ Կարո Գևորգյանի գլխավորությամբ, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցների հետ՝ վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ, սկսել են Գնդեվազ գյուղից դեպի Ջերմուկ քաղաք տանող 3 կմ –ոց հատվածում ձնամաքրման աշխատանքները:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ բուքը փակել է ճանապարհահատվածը և որոշ հատվածներում ձյան բարձրությունն անցնում է 2 մետրը: Ճանշինականները աշխատում են մի քանի տեխնիկաներով, այդ թվում՝ գրեյդերներով և տրակտորներով:
Երեկվա համեմատ՝ քամին հանդարտվել է, ինչը միքիչ հեշտացնում է ճանշինականների աշխատանքը: Մի քանի ավտոմեքենաներ ՃՈ աշխատակիցները դուրս բերեցին ձնաբքից և մի քանի քաղաքացիների էլ իրենց ավտոմեքենաներով տեղափոխեցին անվտանգ վայր:
Աշխատանքները մեծ դժվարությամբ են կատարվում և այն կտևի մի քանի ժամ: Այդ ընթացքում ՃՈ աշխատակիցները հորդորում են վարորդներին, որպեսզի ժամանակավորապես չերթևեկեն նշված հատվածով:
Ճանշինականների աշխատանքին ուղիղ կապով հետևում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ.Մարտիրոսյանը:



