ԱՄՆ-ը նախազգուշացրել է Թուրքիա այցելել ցանկացող իր քաղաքացիներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգները հերթական անգամ նախազգուշացնող հայտարարությամբ կոչ է արել իր քաղաքացիներին խուսափել Թուրքիա այցելությունից` կապված այդ երկրում ահաբեկչության մեծ վտանգի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տեղադրվել ԱՄՆ պետդեպի կայքում:
«Զգուշորեն մտածեք այս ժամանակահատվածում Թուրքիա այցելելու անհրաժեշտության մասին և խուսափեք այցելել Թուրքիայի հարավ-արևելք` կապված ահաբեկչության պահպանվող սպառնալիքի հետ: Պետդեպարտամենտը սահմանափակումներ է դրել ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների կողմից Ստամբուլ և Թուրքիայի հարավ-արևելյան որոշ տարածքներ այցելելու վրա»,- ասվում է պետդեպի տարածած հաղորդագրության մեջ, որը փոխարինելու է 2016 թվականի հոկտեմբերի 29-ին արված նախազգուշացնող հայտարարությանը: Պետդեպից հայտնել են, որ Թուրքիայում ավելացել են հակաամերիկյան տրամադրութունները, ուստի ԱՄՆ քաղաքացիները կարող են թիրախավորվել տարբեր խմբերի կողմից:
Հիշեցնելով նախորդ ամիսներին Թուրքիայում իրականացված ահաբեկչական գործողությունները` պետդեպը հորդորել է քաղաքացիներին խուսափել հարավ-արևելյան Թուրքիա, մասնավորապես թուրք-սիրիական սահման այցելելուց, հեռու մնալ մարդաշատ վայրերից և, հատկապես, զբոսաշրջային հայտնի ուղղություններից, քաղաքական հավաքներից և ցույցերից:



