Անհրաժեշտության դեպքում ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը կարող է դիմել օմբուդսմենին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզատամարտիկ Սմբատ Հակոբյանի հետ կապված միջադեպի մասին ահազանգ ստանալուց հետո օմբուդսմենի աշխատակազմի արագ արձագանքման աշխատակիցներն այցելել են հիվանդանոց, առանձնազրույց ունեցել Հակոբյանի հետ, ինչպես նաև բժիշկների հետ զրուցել Հակոբյանի առողջական վիճակի մասին:
Այս մասին Past.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Նշենք, որ օմբուդսմենի աշխատակիցները տեղում խոսել են ոստիկանության ներկայացուցիչների հետ, ճշտել դեպքի մանրամասները և միջադեպի առնչությամբ ձեռնարկված միջոցառումները: Արագ արձագանքման աշխատակիցները ծեծի ենթարկված ազատամարտիկին ներկայացրել են նաև Պաշտպանի լիազորությունների շրջանակը, ինչպես նաև տեղեկացրել, որ անհրաժեշտության դեպքում կարող է դիմել օմբուդսմենին:
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի անկախության օր օրվան նվիրված «Ինքնիշխանության երթ»-ից հետո դրան մասնակցած ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը ծեծի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ իրեն ծեծի ենթարկող անձանցից մեկին՝ ոմն Տիգրանի, ճանաչում է, վերջինս տարիներ առաջ աշխատել է Ռուբեն Հայրապետյանի թիկնազորում, սակայն թե ինչով է զբաղվում հիմա, Հակոբյանին հայտնի չէ:
Արաքս Մամուլյան



