Թուրքիայի մեջլիսի պատգամավորների թիվը կհասցվի 600-ի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի Ազգային մեծ ժողովի սահմանադրական հանձնաժողովը դեկտեմբերի 26-ին շուրջ 15 ժամ տևած քննարկման արդյունքում ընդունել է սահմանադրական փոփոխությունների առաջարկի առաջին և երկրորդ հոդվածները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նախատեսվող փոփոխություններից մեկը ենթադրում է, որ սահմանադրության մեջ ամրագրված «անկախ դատարաններ» եզրույթը փոխարինվելու է «անկախ և անկողմնակալ դատարաններ» արտահայտությամբ:
Մյուս փոփոխությունը նախատեսում է մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից հասցնել 600-ի:
Սահմանադրական հանձնաժողովի քննարկումներից հետո սահմանադրական փոփոխությունների առաջարկը մեջլիսում դրվելու է քվեարկության: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից ներկայացված փոփոխությունների առաջարկին հավանություն է տվել ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը: Երկու կուսակցությունների դրական քվեարկության պարագայում սահմանադրական փոփոխությունները կընդունվեն:
Իշխող կուսակցությունը մտադիր է սահմանադրական փոփոխությունների միջոցով երկրում հաստատել նախագահական կառավարման համակարգ` ավելացնելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունները:



