Բեռլինի ողբերգությունը հետաքննելու են որպես ահաբեկչություն. ոստիկանություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳերմանիայի ոստիկանությունը գտնում Է, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան Բեռլինում տեղի ունեցած ողբերգությունը, երբ բեռնատարը վրաերթի Է ենթարկել սուրբծննդյան տոնավաճառի այցելուներին, կարող Է ահաբեկչական գործողություն լինել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Բրայտշայդպլացում ենթադրվող ահաբեկչական գրոհի կապակցությամբ ձեռնարկվում են անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները»,-հաղորդվում Է Բեռլինի ոստիկանության պաշտոնական Twitter-ում:
Ավելի վաղ Բեռլինի ներքին գործերի սենատոր Անդրեաս Հայզելը հայտարարել Է, որ դեռեւս մինչեւ վերջ պարզ չԷ՝ արդյոք պատահածը հարձակում Էր, թե դժբախտ դեպք:
Դեկտեմբերի 19-ի երեկոյան Բեռլինում Վիլհելմ կայսեր հիշատակի եկեղեցու մերձակա սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց բազմության մեջ Է մխրճվել բեռնատար ավտոմեքենան: Միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով երեկոյան ժամը 8-ին մոտ: Ինչպես նշում Է DPA գործակալությունը, հղում անելով ոստիկանությանը, բեռնատարը 50-80 մետր անցել Է տոնավաճառի տարածքում՝ բազմության մեջ մխրճվելով 60-80 կիլոմետր/ժամ արագությամբ:
Բեռնատար փոխադրումների լեհական ընկերության սեփականատերը, որին պատկանում Էր բեռնատարը, ասել Է, որ ընկերությունում վարորդի հետ կապը կորցրել են ողբերգությունից մի քանի ժամ առաջ:
Երկուշաբթի երեկոյան ոստիկանությունը ձերբակալել Է բեռնատարի ենթադրյալ վարորդին, որը ներգաղթյալ Է եւ, DPA գերմանական գործակալության տեղեկությունների համաձայն, Աֆղանստանից կամ Պակիստանից ժամանել Է այս տարվա փետրվարին:
Մեքենայում գտնվող երկրորդ մարդուն մեռած են գտել:
Ըստ վերջին տվյալների, ողբերգության հետեւանքով զոհվածների թվաքանակը հասել Է 12-ի, եւս 50 հոգի հոսպիտալացված Է:



