Iran Air-ը կրճատել է Airbus-ի հետ գործարքի արժեքը մինչև 10 մլրդ դոլար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանական ազգային ավիափոխադրող Iran Air ընկերությունը մտադիր է 100 ինքնաթիռ գնել Airbus ինքնաթիռաշինական ընկերությունից:
Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, Իրանը կրճատել է պատվերի քանակը` հրաժարվելով սկզբնապես նախատեսված 12 A380 մակնիշի ինքնաթիռներից: Դա գործարքի ընդհանուր արժեքը կկրճատի` 27 մլրդ դոլարից հասցնելով 10 մլրդ դոլարի:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պայմանագրով ներկա պահին 100 ինքնաթիռ է նախատեսվում, չեմ կարծում, որ ընդհանուր արժեքը գերազանցի 10 մլրդ դոլարը, այն էլ լավագույն դեպքում: А330 մակնիշի ինքնաթիռները սկզբնական շրջանում գործարքի մի մասն էի կազմում և այժմ էլ կան, սակայն գործարքով չի նախատեսվի A380 մոդելների ձեռքբերումը», - աղբյուրը մեջբերում է Iran Air-ի գործադիր տնօրեն Ֆարհադ Փարվարեշի խոսքը:
Ինչպես հաղորդվում է, Airbus-ի ներկայացուցիչները ներկա պահին գտնվում են Թեհրանում` գործարքի շուրջ բանակցություններն անցկացնելու նպատակով:



