Գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերը պարգևատրվել է ՀՀ Նախագահի շքանշանով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲեռլինի Լանգենբեք-Վիրխովի անվան պատմական սրահում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ գերմանացի անվանի ռեժիսոր, հրապարակախոս Էրիկ Ֆրիդլերին ՀՀ Նախագահի պետական պարգևով` «Բարեկամության» շքանշանով, պարգևատրելու արարողությունը, որը վերջինիս հանձնեց Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Միջոցառմանը ներկա էին Բունդեսթագի պատգամավորներ, Գերմանիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, գերմանական հայտնի հեռուստաընկերությունների և մամուլի ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ համայնքի տարբեր կառույցների գործիչներ։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով իր խոսքում ընդգծեց Էրիկ Ֆրիդլերի մեծ ավանդն ու դերակատարությունը հայ-գերմանական դարավոր բարեկամության ամրապնդման գործում։
Ելույթով հանդես եկավ նաև Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը:
Միջոցառման ընթացքում ներկաներն ունկնդրեցին Բախի, Սոլլիմայի, Կոմիտասի ստեղծագործությունները՝ տաղանդավոր թավջութակահար Նարեկ Հախնազարյանի կատարմամբ:



