Գառնիկ Իսագուլյանը կարևորում է ՀՀ և ԼՂՀ նախագահների ներկայությունն առաջնագծում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Նախագահի այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն պլանավորված էր, իսկ հիմնական նպատակը ԼՂՀ նախագահի, ՀՀ պաշտպանության նախարարի, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի, գլխավոր շտաբի պետերի հետ միասին ամբողջ առաջնագիծը դիտարկելն էր: «Արմենպրես»-ի հողորդմամբ` այս մասին դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԼՂՀ ներկայացուցչական խորհրդի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: Նրա տեղեկացմամբ` ՀՀ Նախագահը եղավ ԼՂՀ հարավային սահմանագծից մինչև հյուսիսային` Թալիշի շրջան: Նրա կարծիքով` այս այցը շատ կարևոր է հենց առաջնագծում կանգնած մեր զինվորների, շարքային սպաների համար: «Նրանք տեսնում էին, որ նախագահները որևէ կերպ չեն վարանում առաջին գծում լինելուց»,- ասաց նա:
Իսագուլյանի ներկայացմամբ` Արցախում կյանքը եռում է: Նրա խոսքով` բոլոր այն թերությունները, որոնք բացահայտվել էին ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, ամենամեծ ջանքերով վերացվում են: «Արվում է ամեն ինչ պաշտպանական գիծն ուժեղացնելու, նոր զինտեխնիկայով ապահովելու համար: Թե գիտական միտքը, թե ռազմական արվեստը, թե պաշտպանական գոտիների ամրացումը, զինտեխնիկայի ամենօրյա ստուգումը տեղի է ունենում ԼՂՀ-ում, և բոլոր այն խոսակցությունները, որոնք հնչում են տարբեր քաղաքական գործիչների կողմից, կարծում եմ, անիմաստ են: Մենք ականատես եղանք շատ կարևո ր միջոցառումների»,- ընդգծեց ԼՂՀ ներկայացուցչական խորհրդի խորհրդականը:



