Կոլումբիայի նախագահին հանձնել են խաղաղության Նոբելյան մրցանակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՕսլոյում կայացել է 2016-ի խաղաղության Նոբելյան մրցանակի հանդիսավոր շնորհման արարողությունը: Այն հանձնել են Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսին, որը Նոբելյան հանձնաժողովի անդամների խոսքով՝ վճռական եւ խիզախ քայեր է ձեռնարկել երկրում 50 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմին վերջ դնելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Արարողությունն ընթանում է Նորվեգիայի մայրաքաղաքի քաղաքային ռատուշայում:
Այս տարի մրցանակը հանձնում է Նոբելյան հանձնաժողովի փոխնախագահ Բերիտ Ռեիսս-Անդերսենը: Սովորաբար դա անում է նախագահ Կասի Կուլման Ֆիվեն, սակայն հիվանդության պատճառով այս անգամ նա չի կարողացել մասնակցել արարողությանը:
Ներկայացնելով այս տարվա դափնեկրին՝ հանձնաժողովի փոխնախագահն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ խաղաղության ձեռքբերման գործում մեծ է ոչ միայն Կոլումբիայի նախագահի, այլ նաեւ ժողովրդի շատ այլ ներկայացուցիչների դերը:



