Վահե Մակարյանը ոստիկանությունում ներկայացրել է մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր լրագրող Վահե Մակարյանը ոստիկանությունում պարզաբանումներ է տվել՝ իր և պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի միջև ծագած միջադեպի հետ կապված: Նախօրեին հայտնի դարձավ, որ դեպքի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Past.am-ի հետ զրույցում Վահե Մակարյանն ասաց.
«Հրավիրվեցի ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ պատմեցի մանրամասները, այսինքն՝ այն, ինչն ասել էի նաև լրատվամիջոցներին: Ոստիկանությունում ինձ տվեցին դատաբժշկական փորձաքննություն անցնելու ուղեգիր»: Վահեն իր հարցազրույցներից մեկում մտահոգություն էր հայտնել առ այն, որ իրեն դատաբժշկի մոտ են ուղարկելու այն ժամանակ, երբ հարվածի հետևանքներն արդեն անցած կլինեն:
Այս հարցի շուրջ նա նշեց. «Փորձաքննությունը կփորձեմ անցնել վաղը: Բնականաբար, վնասվածքը կարող է ժամանակի ընթացքում լավանալ: Բայց ուշացած չի լինի, քանի որ վնասվածքը դեռ առկա է»:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանը պատմել է, որ ԱԺ-ում պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայհոյել ու հարվածել է իր աչքին: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Վահեի հարցերը պատգամավորը համարել է էթիկայից դուրս, նա առաջարկել է լրագրողին առանձնանալ, որի ժամանակ էլ տեղի է ունեցել միջադեպը:
Լևոն Փանոսյան



