Արտգործնախարարությունը արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին մոտ 50 միլիոն դրամի անձնագիր է տրամադրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրտաքին գործերի նախարարությունը դիմել է կառավարությանը իրեն 49 միլիոն 320 հազար դրամ հատկացնելու համար՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի քաղաքացիներին անձնագիր տրամադրելու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատելու արդյունքում չգանձված պետական տուրքի փոխհատուցման նպատակով:
Ըստ նախագծի՝ 2016 թ. 3–րդ եռամսյակի ընթացքում օտարերկրյա պետություններում տրամադրվել է վավերական 783 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում (131 գործ), Հալեպում (623 գործ), Լիբանանում (19 գործ), Բաղդադում (10 գործ) գտնվող ՀՀ դեսպանությունում` ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:
Որպես նպատակ և խնդրի լուծում է նշված այն, որ կառավարությունն ամեն կերպ փորձում է աջակցել ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:



