Բորիս Ջոնսոնը Սաուդյան Արաբիային մեղադրել Է Մերձավոր Արեւելքում պատերազմներ հրահրելու մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը իր երկրի դաշնակից Սաուդյան Արաբիային մեղադրել Է Մերձավոր Արեւելքում պատերազմներ հրահրելու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Guardian-ը: Հրատարակության տրամադրության տակ հայտնվել Է Հռոմում քաղաքական գործիչների հետ Ջոնսոնի զրույցի ձայնագրությունը, որի ընթացքում նա խախտել Է մերձավոր դաշնակիցներին չքննադատելու բրիտանական դիվանագիտության վաղեմի կանոնը:
Ջոնսոնը հայտարարել Է, որ Սաուդյան Արաբիան եւ Իրանն իրենց պահում են ինչպես տիկնիկավարներ՝ միջնորդավորված մասնակցելով Մերձավոր Արեւելքի հակամարտություններին: Նա դա բացատրել Է տարածաշրջանում ուժեղ առաջնորդի բացակայությամբ, որի ազդեցությունը դուրս կգար սուննի կամ շիա համայնքների սահմաններից:
«Կան քաղաքական գործիչներ, որոնք խեղաթյուրում են կրոնը եւ նույն կրոնի տարբեր ուղղությունները հանուն սեփական քաղաքական նպատակների»,-հայտարարել Է Ջոնսոնը:
Ձայնագրությունը հայտնվել Է այն բանից քիչ անց, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը վերադարձել Է Պարսից ծոցի երկրներ աշխատանքային ուղեւորությունից, որտեղ նա հանդիպումներ Է ունեցել Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քաթարի, Բահրեյնի եւ Օմանի ղեկավարների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



