Լարսում ձնահոսքի հետևանքների վերացման աշխատանքները դադարեցվել են` ուժգին քամու պատճառով, տեղադրվել են ժամանակավոր կացարաններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հայտնել են, որ ուժեղ քամու պատճառով Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհին իրականացվող ձնահոսքի հետևանքների վերացման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։
Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։ Աշխատանքները նախատեսվում է վերսկսել վաղը՝ դեկտեմբերի 5-ի առավոտյան։
Հիշեցնենք, որ այսօր ավելի քան 480 մեքենա և 1000 քաղաքացի ձնահոսքի հետևանքով մնացել է Լարսի անցակետում։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ կապ են հաստատել Վրաստանի համապատասխան պաշտոնյաների հետ, ովքեր ասել են, որ Վերին Լարսի անցակետի մոտակայքում տեղադրված են և գործում են երկու ժամանակավոր կացարաններ և 1 կունգ տիպի ավտոմեքենա:



