Կոլումբիայում կործանված ինքնաթիռի ավիաընկերության աշխատանքը դադարեցվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲոլիվիայի ավիացիոն իշխանությունները հինգշաբթի օրը դադարեցրել են ավիաընկերության աշխատանքը, որի ինքնաթիռը կործանվել է Կոլումբիայում, գրում է «ՌԻա Նովոստի»-ն: Ինքնաթիռում գտնվում էր էր բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային թիմը:
«Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնում է, որ 2016 թվականի նոյեմբերի 29-ի վարչական որոշման համաձայն՝ անհապաղ դադարեցվում է LAMIA CORPORATION SRL ընկերության փոխադրումների վկայականի գործողության ժամկետը»,- ասված է գերատեսչության որոշման մեջ:
Ինքնաթիռը կործանվել է անցած երեքշաբթի Մեդելին քաղաքից 50 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռում եղել է 77 մարդ՝ անձնակազմի 9 անդամ և 68 ուղևոր, ներառյալ Հարավամերիկյան գավաթի եզրափակիչ խաղի համար ուղևորվող «Շապեկոենսե» ֆուտբոլային թիմի ֆուտբոլիստները և անձնակազմը:
Ավիավթարում վեց հոգու հաջողվել է կենդանի մնալ, նրանցից երեքը «Շապեկոենսե» թիմի խաղացողներն են:



