ԳԱԱ-ն առաջարկում է Բուսաբանության ինստիտուտն անվանակոչել Արմեն Թախտաջյանի անունով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահությունը նոյեմբերի 30-ին որոշեց առաջարկ ներկայացնել ՀՀ կառավարություն՝ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտն անվանակոչելու 20-րդ դարի խոշորագույն բուսաբան-էվոլուցիոնիստ Արմեն Թախտաջյանի անունով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
Արմեն Թախտաջյանը Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի և Հայաստանի Գիտություների ազգային ակադեմիայի ակադեմիկոս էր, Սոցիալիստական աշխատանքի հերոս: Նրա կողմից ստեղծված բուսական աշխարհի էվոլուցիոն համակարգը ոչ միայն ընդունված է գիտական բուսաբանական հասարակության կողմից, այլ նաև համարվում է լավագույնը և ամենաարժանահատը:
Արմեն Թախտաջյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում բուսաբանական գիտության զարգացման գործում: Նրա շնորհիվ հայաստանյան բուսաբանական դպրոցը համարվում է առաջադեմ դպրոցներից մեկն աշխարհում: Մեծանուն գիտնականի աջակցությամբ Հայաստանում զարգացել են բուսաբանական աշխարհի ժամանակակից գիտության այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են սիստեմատիկան, պալինոլոգիան, կարիոլոգիան:



