Չեռնոգորիայի խորհրդարանը հաստատել է կառավարության նոր կազմը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեռնոգորիայի խորհրդարանը հաստատել է կառավարության նոր կազմը, որը ձեւավորվել է հոկտեմբերի 16-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Վարչապետ է դարձել 58-ամյա Դուշկո Մարկովիչը ՝ հիմա արդեն նախկին վարչապետ Միլո Ջուկանովիչի համախոհը ու Սոցիալիստների ժողովրդավարական կուսակցությունում նրա տեղակալը։ Այդ կուսակցությունը ընտրություններին ամենաշատ ձայներն է ստացել, բայց դրանք բավարար չէին ինքնուրույն կառավարություն ձեւավորելու համար, դրա համար էլ կառավարական կոալիցիայի կազմում են նաեւ ազգային փոքրամասնությունների կուսակցությունների անդամները, որոնք աջակցել էին Սոցիալիստների ժողովրդավարական կուսակցությանը։
Քվեարկությանը մասնակցել է 81 պատգամավորներից 41-ը։ Ընդդիմությունը, որը համաձայն չէ ընտրությունների արդյունքներին, ներկա չի եղել նիստին։
Իր ծրագրային ելույթի ժամանակ Մարկովիչը հայտարարել է, որ ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությունը Չեռնոգորիայի նոր կառավարության հիմնական առաջնահերթություններն են լինելու։
			
			
			
			
			
				
			
			
			


