ՀՀ դեսպանը հանդիպել է Հունաստանի ներքին գործերի նախարարի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց նոյեմբերի 25-ին Հունաստանի ներքին գործերի նախարար Պանագիոտիս Սկուրլետիսի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ողջունելով ՀՀ դեսպանին և վերջինիս մաղթելով արգասաբեր աշխատանք՝ նախարար Սկուրլետիսը համոզմունք հայտնեց, որ ՀՀ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա երկու բարեկամ ժողովուրդների և երկրների միջև հարաբերությունների խորացման գործում: Նախարարը նշեց, որ հայ-հունական բարեկամությունը հիմնված է երկու ժողովուրդներին միավորող դարավոր պատմության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա:
Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-հունական համագործակցության երկկողմ ծրագրերը, անդրադարձ կատարվեց փոխադարձ այցելությունների կազմակերպման կարևորությանը:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներին, մասնավորապես, Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներին:
Զրուցակցի խնդրանքով դեսպան Չարչօղլյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը:



