Հանրապետական գիտաբժշկական գրադարանը կթվայնացվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետական գիտաբժշկական գրադարանն իր երկարամյա գոյության ընթացքում աշխատանքներ է տարել Հայաստանում հրատարակվող մասնագիտական, գիտական, կենսաբժշկական տպագիր ռեսուրսներն ի մի բերելու և բժիշկներին հասանելի դարձնելու ուղղությամբ։ Գրադարանը նաև առցանց գիտաժողովներ ու դասընթացներ է կազմակերպում` մարզային բժիշկներին և միջին բուժանձնակազմին մասնագիտական վերջին ձեռքբերումներին և առաջատար մասնագետների փորձին ծանոթացնելու նպատակով։
Հանրապետական գիտաբժշկական գրադարանի 2016–2020թթ. զարգացման ծրագրով նախատեսվում է տպագիր հավաքածուի թվայնացում, ՀՀ ԱՆ կողմից հաստատված կլինիկական ուղեցույցների և հիվանդների վարման գործելակարգերի շտեմարանի ստեղծում և այլն։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Այս ծրագրերը կյանքի կոչելու համար մասնագիտական և տնտեսական հիմքեր ստեղծելու նպատակով նախատեսվում է զարգացնել աշխատակիցների հմտությունները, ինչպես նաև իրականացնել օպտիմալացման գործընթացներ։
Արդյունքում հնարավոր կլինի թվայնացնել Հանրապետական գիտաբժշկական գրադարանի տպագիր գրականությունը, ստեղծել էլեկտրոնային շտեմարաններ և ապահովել այդ ռեսուրսների մատչելիությունը։



