Վանաձորում երիտասարդի սպանության կասկածանքով ձերբակալված կա. հարուցվել է քրեական գործ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎանաձոր քաղաքում նոյեմբերի 20-ին տեղի ունեցած 21-ամյա երիտասարդի սպանության կասկածանքով կա ձերբակալված: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը), մշակվել քննչական պլան:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը պատճառվել է ավտոտեխսպասարկման կայանի մոտ կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս Վանաձոր քաղաքի բնակիչ է, 22 տարեկան։ Կասկածյալը ձերբակալվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ:
Ավելի վաղ, նոյեմբերի 20-ին Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղում հայտնաբերվել էր տղամարդու դի՝ կտրած-ծակած վնասվածքներով: Ինչպես տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից՝ մահացածը Վանաձորի բնակիչ 21-ամյա Հարություն Աղաջանյանն է:



