Գերմանիայի ալեւիները քննադատել են Թուրքիայում քուրդ պատգամավորների ձերբակալությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի Ալեւիական միությունների ֆեդերացիան նոյեմբերի 12-ին Քյոլն քաղաքում բողոքի ակցիա է սկսել ի պաշտպանություն Թուրքիայում գործող քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ձերբակալված պատգամավորների:
Այս մասին , ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվական կայքը:
Ֆեդերացիայի ինտերնետային էջում ցույցի վերաբերյալ հայտարարության մեջ գրված է. «Մենք խստորեն քննադատում ենք ԺԴԿ պատգամավորների նկատմամբ Թուրքիայում իրականացվող քաղաքական հետապնդումներն ու ձերբակալությունները, անկախ մամուլի դեմ իրականացվող ոտնձգությունները»:
Ակցիայի կարգախոսն է «Ժողովրդավարության , խաղաղության եւ ազատության համար»:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9 պատգամավոր նոյեմբերի 4-ին ձերբակալվել էին, ինչը աշխարհում մեծ արձագանք էր գտել:
Սելահաթթին Դեմիրթաշի եւ նրա կուսակիցների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեղադրանքներով:



