Սանկտ Պետերբուրգի բժիշկները Երևանում փորձ են փոխանակում հայ գործընկերների հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության ծրագրով առողջապահության ոլորտում փորձի փոխանակման նպատակով Երևանում են ոլորտի պետերբուրգցի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ մանկաբույժներ, վիրաբույժներ, ռեանիմատոլոգներ, ուռուցքաբաններ և դեղագետներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բժիշկների այցը կազմակերպվել է «Սանկտ Պետերբուգի օրերը Երևանում» միջոցառումների ծրագրի շրջանակում:
Սանկտ Պետերբուրգից ժամանած բժիշկները Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժհաստատության տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի և բժիշկների ուղեկցությամբ ծանոթացել են բաժանմունքների աշխատանքին, մասնավորապես՝ վերակենդանացման բաժանմունքում բուժվող երեխաների հիվանդության պատմություններին և բուժման ընթացքին:
Երևանի թիվ 17 պոլիկլինիկայում էլ մայրաքաղաքի տարբեր պոլիկլինիկաներից հիվանդների է ընդունել և անվճար խորհրդատվություն տրամադրել ՌԴ վաստակավոր բժիշկ, բժշկական գիտությունների պրոֆեսոր, ուռուցքաբան, Սանկտ Պետերբուրգի ուռուցքաբանության քաղաքային կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մոիսեյենկոն:
Այցի շրջանակում փորձի փոխանակման նպատակով հանդիպումներ են կազմակերպվել նաև մայրաքաղաքի պոլիկլինիկաների մի շարք բժիշկների հետ:



